ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԶԱՏ ԱՍՏՎԱԾՆ
Մ. Նալբանդյան

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի;

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերն
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայթ, կամ այլ ինչ
Ազատությո՛ւն դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն»,— ինձ կրկնեց
ճակատագիրն վերևից,—
«Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ոհ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ՛ փորձանք կսպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար՛ ազատությո՜ւն։